понедельник, 23 августа 2010 г.

Կարեկցանք և մարդասիրություն. քննարկում Շիրակի մարզի ԵՄԿԿ-ում

Օգոստոսի 19-ին Շիրակի մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը հրավիրել էր քննարկում՝ նվիրված Հումանիտար օգնության միջազգային օրվան: Քննարկման հիմնական նպատակն էր երիտասարդների շրջանում բարձրացնել ՀՀ-ում հումանիտար օգնություն տրամադրող միջազգային և տեղական կազմակերպությունների մասին գիտելիքների մակարդակը։ Քննարկմանը ներկա էին մարզի երիտասարդական հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ, Շիրակում գործող բարեգործական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կամավորներ, ուսանողներ, երիտասարդներ: Միջոցառումը տեղեկատվական և ուսուցողական բնույթ ուներ։
Բարեգործական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրին իրենց կազմակերպությունների առաքելությունը, նպատակները, ինչպես նաև այն միջազգային կազմակերպությունների տվյալները, որոնք տրամադրում են մարդասիրական օգնություն մարզում գործող բարեգործական ՀԿ-ներին: “Նոր սերունդ” ՀԿ-ի նախագահ, ընտանիքների աջակցության ծրագրի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը ներկայացրեց “Նոր սերունդ” ՀԿ-ի առաքելությունը, նպատակը և ընտանիքների աջակցության ծրագիրը: Ծրագիրը Շիրակի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերում է աջակցություն՝ բաժանելով հագուստ և հիգիենիկ փաթեթներ:
“Երաշխիք” քաղաքացիական հասարակության կենտրոնե ՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Արման Սահակյանը նույնպես ներկայացրեց իրենց ՀԿ-ի կատարած աշխատանքներն ընտանիքների աջակցության ծրագրում:
Քննարկմանը մասնակից երիտասարդները և ՀԿ-ների ներկայացուցիչները հավաստիացնում էին, որ մարզում կան շատ ընտանիքներ, որոնք գտնվում են սոցիալապես անապահով վիճակում և չունեն անգամ տանիք իրենց գլխին: Մասնակիցներն ընդգծեցին, որ դրա մեղավորը հաճախ ոչ թե պետությունն է, այլ հենց քաղաքացիները։ Հանդիպման վերջում ցուցադրվեց “Նոր սերունդ” ՀԿ-ում գրանցված սոցիալապես անապահով ընտանիքների մասին պատմող տեսաֆիլմ: Երիտասարդները պատրաստակամություն հայտնեցին իրենց ներդրումն ունենալ այդ ընտանիքների աջակցության գործում:

0 коммент.:

Отправить комментарий

 
Designed and Bloggerized by Artush Rushanyan